«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Ռաբիսը՝ քաղաքական կատեգորիա

Ռաբիսը՝ քաղաքական կատեգորիա
18.03.2026 | 19:01

Թե՛ Սովետի ժամանակ, թե՛ դրանից հետո ու մինչև հիմա էլ 3-րդ մասը համարվել ու համարվում է ռաբիսի բնօրրանը Երևանում: Ու սա, թերևս, օրինաչափ է: Նախկին Լենինյան, այժմ Շենգավիթ վարչական շրջանը սկզբնապես նախագծվել էր որպես բանվորական արվարձան (այստեղ էին կենտրոնացած մայրաքաղաքի գրեթե բոլոր խոշոր գործարանները), և բանվորական արվեստն էլ, ռաբիս ընդհանրական բնորոշմամբ (рабочее искусство), այստեղից պիտի սկիզբ առներ՝ աստիճանաբար ձևավորելով նաև վարքաբանական համարժեք «մշակույթ»: Տասնամյակների ընթացքում ձևավորվեցին ու կարծրատիպային տեսք ստացան նաև այս «մշակույթը» կրողների «գործադիր մարմինները»՝ թաղի «խառոշիների» ու թաղային հեղինակությունների տեսքով: Առանց տեղական իշխանության այս յուրատիպ ինստիտուտի միջամտության կամ «դաբրոյի»՝ չէր լուծվում և հիմա էլ, համոզված եմ, չի լուծվում ներթաղային նշանակության որևէ հարց: Դրսից «տղա բերելու» սովորույթը այդ միջամտության ցայտուն դրսևորումն էր, որ բակային «ռազբորկաների» հարթակից շատ շուտով տեղափոխվեց ավելի ընդգրկուն հարթություն, երբ տեղական ինքնակառավարման մարմինների և համապետական ընտրություններում թաղային հեղինակությունների «ինստիտուտը» դարձավ վճռորոշ դերակատար: Հետաքրքիրն այն է, որ «անկախացած» Հայաստանի յուրաքանչյուր հաջորդ իշխանություն «տղա բերելու» իր մարտավարությունը ներմուծեց քաղաքական դաշտ՝ անփոփոխ թողնելով դասական ռազմավարությունը՝ նպատակն արդարացնում է միջոցները:

Տարօրինակ կլիներ, եթե կյանքի դպրոցը 3-րդ մասում ավարտած իսանամեկը, որ այսօր գործադիր իշխանության ղեկին է, ընտրություններից ամիսներ առաջ «տղա բերելու» իր մարտավարությունը գործի չդներ՝ ներսինների հետ դրսիններին էլ խաղի մեջ ներքաշելով: Ընդ որում, եթե ներսինների մեջ շեշտը դրվել է ռաբիս ընտրազանգվածի վրա (պատահական չեն ռաբիս լսելու ու դրա տակ տռճիկ տալու տեսարանները), դրսիններից նախապատվությունը տրվել է եվրոպացի տղերքին, որոնց, ի դեպ, աղջկերքն են կառավարում՝ ի դեմս էստոնուհի, ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի և գերմանուհի, ԵՄ գործադիր մարմնի ղեկավար ՈՒրսուլա ֆոն դեր Լայենի: Հետաքրքիր է՝ ի՞նչ կասեին երրորդմասցի «ճշտով» տղերքը, եթե լսած լինեին Եվրախորհրդարանի ամբիոնից Հայաստանը ներկայացնողի, այսպես կոչված, ելույթը: Չէի՞ն ասի՝ տո, այ բերանից… թուլ, դու պետության ղեկավար ե՞ս, թե՞ մարդաթող կնիկ, որ գնացել տանդ եղած-չեղած կեղտն ես խալխի աչքը խոթում: Կասեին, դեռ մի եվրաերկնաքեր հիշոց էլ կկապեին պոչից: Բայց եվրոպացիք հո անկիրթ չե՞ն, հերիք չի՝ ծափ տվեցին, դեռ խոստացան էլ, որ կգան-կխառնվեն, չեն թողնի ուրիշ տղերք նեղը գցեն իրենց պահած տղուն:

Ասա՝ տղա բերել-բերել էր, գոնե էն Վիկտորին ու Ռոբերտին բերեիր՝ Հունգարիայի ու Սլովակիայի վարչապետներ Օրբանին ու Ֆիցոյին: Նույն Եվրախորհրդարանի դահլիճից դուրս, լրագրողների առաջ, էդ ի՜նչ «սառը կլիզմա» արեցին Ուրսուլային ու Կայային, սրանց թևի տակ դիվանագիտություն անող տղերքին, անդրօվկիանոսյան տերերին էլ հետը: Դուք՝ ասացին, դարձել եք կանաչ ֆուտբոլկայով ուկրաինացու գնդակը, ոնց ուզում՝ տշում է, 500-միլիոնանոց Եվրոպային էլ հետը: Ձեր սանկցիաները Եվրոպայի նախկին ժանդարմին շնչահեղձ չարեցին, բայց ձեր երկրներն արդեն շունչը փչում են էժան ռեսուրսների պակասից: Այս ի՞նչ եք դարձրել Եվրոպան՝ փնթփնթան պառավ, որ մի փութ շպարով էլ նախկին պչրուհու հմայքը հետ չի բերի: Կարող եք մեզ սև ոչխար համարել ձեր սպիտակ փարախում, բայց մենք մեր երկրների ձեռքը կրակը չենք ընկել, դուրս ենք գալիս էս արյունոտ խաղից:

Միամտություն կլիներ կարծել, թե կանաչ ֆուտբոլկայով ուկրաինացու հայկական կրկնօրինակը մտնելու էր եվրափարախ, սպիտակներին թողած սև ոչխարների ճակատը պաչեր ու հրավիրեր Հայաստան: Եվ խնդրեմ, ապրիլի սկզբին մի 10-15 հոգով գալիս են «սպիտակները», աղջիկ-պարոն Կալասն էլ՝ հետները: Մարտի 17-ին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը աչքալուսանքն արդեն տվել է. «ԵՄ արագ արձագանքման խումբը ժամանելու է Հայաստան՝ առաջիկա ընտրություններում արտաքին միջամտությանը հակազդելու համար»: Էդ արտաքին միջամտողի անունն էլ թեև չեն շոշափում, բայց եփած հավն էլ գիտի, որ սրանց դողէրոցքը «ռուսական արջի» ահից է:

Մի տասը-տասնհինգ օր կուտեն-կխմեն, չի բացառվում, էն «Ուրախ ավտոբուսի» ուղևոր էլ դառնան, դեռ ռաբիսի տակ էլ ցատկոտեն: Այ թե զվարճալի փիար-կամպանիա կստացվի: Վերջում էլ խոստացած 15 միլիոն եվրոն կցնծան Հայաստանի վարչապետի աշխատակազմին ու Անվտանգության խորհրդի գրասենյակին, որ «կիբերհարձակումների ու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների իրավիճակներում ճգնաժամերը կառավարելու պլան և կարգավորումներ մշակեն»: Իսանամեկին էլ հաց ու ջուր մի տուր, ասա՝ մանիպուլյացիա կառավարի: Աչքիս՝ եվրոյի հոտն առած ֆեյքերի ֆաբրիկան քիթ սրբելու ժամանակ չունենա մինչև ընտրություններ:

Չէ, ոնց գցում-բռնում եմ՝ ծանր օրեր են սպասվում նոթբուքի առաջ քնող-վեր կացող, վիրտուալ պայքարի գաղտնի մեթոդներ հորինող ֆեյսբուքահայերին: Անկախ նրանից՝ երրորդմասցի՞ են, թե՞ կենտրոնցի, գյումրեցի՞, թե՞ իջևանցի, ռաբի՞ս են լսում, թե՞ ջազ:

Իսկ ընտություններին մնաց 80 օր:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ